Արարատը սահմանային առումով ՀՀ տարածքում չէ, բայց ազգային, հոգևոր և պատմական իմաստով անբաժան է հայության հավաքական ինքնությունից։
Արարատը միայն աշխարհագրական բարձրություն չէ։ Սահմանային լոկալությամբ այն այսօր մեր պետական տարածքում չէ, բայց հայերիս, ազգային հիշողության և հավաքական կերպարի մեջ Արարատը եղել է, կա և կմնա մերը։ Նրա գագաթը հայ ժողովրդի պատմական հիշողության, արժանապատվության, հավատքի և վերածննդի խորհրդանիշն է։ Արարատը հիշեցնում է, որ սահմանները կարող են փոխվել, քաղաքական իրողությունները կարող են պարտադրվել, բայց ազգի հոգևոր սեփականությունը, պատմական հիշողությունը և ինքնության սրբազան նշանները չեն ջնջվում։ Արարատը հայի ներսում կանգնած լեռն է՝ որպես ազգային ինքնության, պատմական արդարության և հավերժական հիշողության անլռելի խորհրդանիշ։
Մեսրոպ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ.Գ
Ազգային գենետիկական հիշողության մեջ սահմաններ չկան․ կա արմատ, ինքնություն և պատմական շարունակականություն։ Արարատականության գաղափարը հայության հոգևոր կոդն է, մեր հավաքական կերպարի բարձրագույն նշանը և անօտարելի իրավունքը։ Արարատը չի չափվում սահմանագծերով, չի սահմանափակվում քարտեզով և չի ջնջվում քաղաքական իրողություններով։